
Լոռու մարզ
ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում: Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Վանաձոր քաղաքը համարվում է Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքը: Մյուս խոշոր բնակավայրերն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Թումանյանը, Ախթալան և Տաշիրը։
Լոռին աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով, որի մասին վկայում են տասնյակ վանքերը, բերդերը, ամրոցներն ու հուշակոթողները։


Պատմամշակութային ինքնատիպ հուշարձանների բազմազանությունը որոշակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, որ 10-12-րդ դարերում այստեղ գոյություն է ունեցել անկախ հայկական պետականություն՝ ի դեմս Լոռու կամ Տաշիր-Ձորագետի թագավորության։ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված օբյեկտներից երկուսը՝ Հաղպատի ու Սանահինի միջնադարյան վանական համալիրները գտնվում են Լոռու մարզում։
«Լոռի» անվանումն առաջին անգամ հիշատակվում է 11-րդ դարում և կարող է փոխկապակցված լինել լոր թռչնի անվան հետ։ Այդ տարում Հայաստանի հյուսիսում կառավարած Դավիթ Ա Անհողին Կյուրիկյան արքան Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում հիմնադրում է Լոռի կամ Լոռե բերդը, որը 1065 թվականին դառնում է Անիի Բագրատունյաց թագավորությունից անկախացած Տաշիր-Ձորագետի թագավորության քաղաքամայր-ոստանը։ Բերդի անունով թագավորությունը երբեմն անվանվում է նաև Լոռու թագավորություն։


Լոռու մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով։
Միջին և բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, բնորոշ են տևական, ցուրտ ձմեռները։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Նախալեռնային գոտում կլիման մերձարևադարձային է. բնորոշ են չափավոր շոգ և չորային ամառները, մեղմ ձմեռները։
