Միջնադարյան հայկական ճարտարապետության Սեդվու վանական համալիրը գստնվում է գյուղից 3 կմ հարավ՝ Սեդվու ձորում: Համալիրից պահպանվել են Ս. Նշան եկեղեցին՝ կից մատուռով, օժանդակ շինությունների և պարսպապատերի մնացորդներ:Ս. Նշան եկեղեցին կառուցվել է XIII դ.: Ուղղանկյուն, միանավ դահլիճ է՝ կիսագլանաձև թաղով ծածկված, երեք զույգ որմնասյուներով և թաղակիր կամարներով: Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է՝ զգալիորեն առաջ ընկած ցածրադիր բեմով: Ունի երեք մուտք՝ արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներում (հյուսիսայինը բացվում է մատուռի մեջ): Ծածկը երկլանջ է՝ մեծ թեքությամբ: Կառուցված է կապտավուն բազալտե սրբատաշ քարերով: Առանձնանում է իր ընդգծված զուսպ հարդարանքով:Հարավային մուտքի առջև գտնվում է XIII դ. կառուցված, քառակուսի հատակագծով, խաչվող թաղերով ծածկված սրահը: