Կայանբերդ (ի սկզբանե՝ Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի), գտնվում է Լոռու մարզի Հաղպատ և Սանահին գյուղերի միջև, երկու կիրճերի միացման տեղում, հրվանդանի վրա։ Համաձայն շինարարական արձանագրությունների` բերդը կառուցվել է Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի կողմից 1233 թ.-ին, Հաղպատի միաբանության համար։ Սկզբնական շրջանում այն կոչվել է «Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի», իսկ Կայան և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են։ Ամրոցը մեր օրերում անվանում են նաև Ակնաբերդ. ամենայն հավանականությամբ Ակներ գյուղի մոտ գտնվելու պատճառով։ Մեծ վնաս են հասցրել թաթարները 1241թ.-ին։ Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ։ Ամրոցում կանգուն է Դսեվանքի Սբ.Աստվածածին եկեղեցին։