Քոբայրի վանական համալիրը (XII-XIIIդդ.) գտնվում է Լոռու մարզում` Դեբետի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա։
Քոբայրի վանքը եղել է գրչության ու մշակութային կարևոր կենտրոն։ Որպես մենաստան կազմավորվել և հռչակվել է XIIIդ. 1-ին կեսին։ Այդ ժամանակ այն Կյուրիկյաններից արդեն անցել էր Ջաքարյաններին, ընդունել քաղկեդոնականություն։ Քոբայրի վանքը առավելապես հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները` մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը և գանգակատուն-տապանատունը` վերջին երկուսում մնացել են որմնանկարների միայն աննշան մնացորդներ։ Մեծ եկեղեցում որմնանկարները պահպանվել են աբսիդի գմբեթարդում, ուր պատկերված է Աստվածամայրը, կողքերին` հրեշտակապետերը, ավելի ցած, երկու շարքով, «Հաղորդությունն» է և սրբազանները, բեմի պատերին` մարգարեները։ Մատուռ-ավանդատանը պահպանվել են աբսիդի որմնանկարի հյուսիսային մասը, ինչպես նաև հյուսիսային և արևմտյան պատերի ու թաղի հյուսիսային լանջի որմնանկարների հատվածները։ Աբսիդի գմբեթարդում «Դեիսուսն» է, նրա տակ` «Հաղորդությունը», ցածի շարքում` սրբազանները։ Արևմտյան պատին և հյուսիսային պատի ցածի շարքում պահպանվել են պատվիրատուների դիմանկարները։ Հյուսիսային պատի պատվիրատուների նկարներից վեր նշմարվում է «Աստվածածնի վերափոխումը» պատկերը։ Նրա կողքին ու թաղի լանջերին վատ պահպանված տեսարաններ են, որոնք, ըստ երևույթին, վերաբերում են Աստվածածնի կյանքին։
Գեղարվեստական բարձր որակի շնորհիվ Քոբայրի վանքի որմնանկարները միջնադարյան հայկական մոնումենտալ գեղանկարչության նշանավոր հուշարձաններից են։
2006թ. սկսվել են վանքի վերանորոգման աշխատանքները: