Հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.-ին: Վանքը միջնադարյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոններից էր: XIIդ.-XIVդ. Հաղպատի վանական համալիրը եղել է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվել տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ XI-XIIIդդ. Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։ Համալիրի կազմում են Ս.Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատունը, գրատունը, զանգակատունը, մի քանի մատուռ-դամբարաններ և խաչքարեր։ Համալիրը շրջապատված է աշտարակավոր պարսպով։ Նրա տարածքից դուրս են աղբյուրի շենքը և մի քանի փոքր եկեղեցիներ։ Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։