VI դ.
Լոռի մարզի Վարդաբլուր գյուղից հյուսիս, Զորագետի վտակի ափին գտնվում է Ջգրաշեն միանավ թաղածածկ եկեղեցին:
Եկեղեցու սրբատաշ բազալտից կառուցված պատերը բարձրանում են երկաստիճան որմնախարսխի վրա։ Ծածկը չի պահպանվել։ Եկեղեցին ունի երեք մուտք՝ երկայնական պատերում և արևմուտքում։ Հարավային պատի արևելյան կողմի լուսամուտի պարակալին քանդակված են խաղողի որթի գալարների միջև եռաթերթ և բազմաթերթ տերևներ։ Արտաքին պատերում պահպանվել են բազալտից պահունակներ (սրահի ծածկը կրելու համար), որոնցից մի քանիսն ունեն կենդանակերպ քանդակներ (խոյի գլուխ, եղջերու, ոչխարի ոճավորված գլուխ)։ Պահունակների այսպիսի քանդակազարդումը բացառիկ է վաղ միջնադարի Հայաստանի շինություններում: Ջգրաշենի հարդարանքը մեծ արժեք ունի V-VIIդդ. հայ ճարտարապետության զարդաքանդակների պատմության համար։
Վարդաբլուր գյուղում և շրջակայքում պահպանվել են նաև մատուռներ (XIIդ.), ամրոց (X-XIդդ.), գերեզմանոցներ (XI-XIXդդ.)։