Չիչխանավանք կամ սև վանք, միջնադարյան եկեղեցին գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից հյուսիս։
Չիչխանավանքը պատկանում է վաղ միջնադարյան եկեղեցաշինության մէջ լայն տարածում գտած խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցիների տիպին։ Հոգևոր կառոյցների այս տեսակը հայկական ճարտարապետութեան ինքնատիպ դրսևորումներից է՝ հատակագծային, ծավալատարածական տարբերակված բազմաթիվ լուծումներով։ Ներքուստ և արտաքուստ խաչաձև՝ «ազատ խաչ» տիպի այս հուշարձանները ստորաբաժանվում են միախորան, եռախորան և քառախորան տարբերակների։ Չիչխանավանքը պատկանում է նշվածներից միախորան եկեղեցիների տեսակին։
Այս տեսակ հուշարձանների բնորոշ կողմերից է արևելք-արևմուտք առանցքի ուղղությամբ կառույցի երկարաձիգ լինելն ու հանդիպակաց խաչաթևերի հավասարությունը, իսկ գմբեթը տեղադրված է լինում հորինվածքի կենտրոնում։ Հայաստանի տարածքում արձանագրված նմանատիպ եկեղեցիների թիվը հասնում է մոտ չորս տասնյակի։ Չիչխանավանքը կառուցված է սրբատաշ, սև և վարդագույն տուֆով, շարվածքը՝ միդիս (եռաշերտ)։ Եկեղեցու կառուցման մասին շինարարական արձանագրություն չի պահպանվել, սակայն, ելնելով կառույցի ծավալատարածական հորինվածքից և ճարտարապետական ոճից՝ այն թվագրվում է 6-7-րդ դարերով։
Չիչխանավանքը կառուցված է բլրի ստորոտում, և տարածքի թեքության պատճառով անձրևաջրերի ու ձնհալի բերած հողն անընդհատ ծածկել է այն։ Մինչև վերականգման աշխատանքների սկսելը ավերակ եկեղեցու արտաքին հատվածներից միայն արևմտյան խաչաթևի հյուսիս-արևմտյան անկյունն էր մոտ 1.5մ բարձրությամբ մնացել հողից դուրս։
Եկեղեցու ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններով փաստվեց, որ կառույցի գոյության ընթացքում վերականգնվել է մէկ անագամ։ Հուշարձանի վերակառուցված հատվածների շաղախի և քարի մշակման ուսումնասիրությունը փաստեց, որ վերականգնումը կատարվել է 20-րդ դարասկզբին։