XIII դ.
Խորակերտի վանքը գտնվում է Լոռու մարզի Ջիլիզա գյուղի մոտ՝ Լալվար լեռան արևմտյան փեշերին։
Շրջակայքի հնագույն շինությունների հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ է եղել Խորակերտ կամ Խոռակերտ քաղաքը, որի հիմնադրումը Վարդան պատմիչը վերագրում է Հայկի որդի Խոռին։ Քաղաքը IXդ. Սմբատ Բ թագավորի հրամանով ժառանգել է Աշոտ Ողորմածի որդի Գուրգենը։ Երբեմնի պարսպապատ համալիրից պահպանվել են միջնադարյան եկեղեցին, կիսավեր գավիթը, մատուռների, սեղանատան ավերակները, քանդակազարդ գերեզմանաքարերը։
Ըստ եկեղեցու արևմտյան ճակատի արձանագրության, վանքը և գավիթը կառուցվել են 1251թ.-ին: Ըստ ճարտարապետական ոճական վերլուծության, եկեղեցին հիմնականում XIդ. կառույց է, որի վերին մասը լրացվել է 1251թ.-ին։ Առանձնահատուկ է եկեղեցու գմբեթը (հայկական ճարտարապետության նմանատիպ միակ օրինակը), որի ութանիստ թմբուկը կեսից ցած կազմված է 30 վեցնիստանի սյուներից (բարձրությունը՝ 2մ), որոնք շատ խիտ տեղադրված, ստեղծում են նեղլիկ բացվածքների տպավորություն։ Գմբեթը հիմնվում է 6 փոխհատվող կամարներից կազմված կառուցվածքային հիմնակմախքին և կենտրոնում ավարտվում շթաքարով ձևավորված ավելի փոքր գմբեթով։