Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք, Ձորագետի ձախ ափին: Հիմնադրել է Դավիթ Անհողինը, հավանաբար՝ 1005—20-ին: Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո Կյուրիկե Ա-ն Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։ Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, Փռված են ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը: Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիս-արևմտյան անկյունում է միակ մուտքը:

Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20, բարձրությունը՝ 20—25 մ: Պարսպի երկարությամբ Փորվել է ջրի խանդակ: Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել: Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ: Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր: Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով: Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք բերելու համար: Լոռիից գտնվել են աշխատանքի գործիքներ, զենքեր, զարդեր, կավե բազմապիսի անոթներ և ծխամորճներ, ապակե ջրամաններ, ճենապակյա, հախճապակյա, ոսկրե և քարե առարկաներ, դրամներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Լոռիում զարգացած են եղել արհեստների բազմաթիվ ճյուղեր: Կան նաև այլ երկրներից (մասնավորապես՝ Վրաստանից, Պարսկաստանից, Միջին Ասիայից և Միջագետքից) ներմուծված առարկաներ: